Կարդացի Միխայիլ Պոստնիկովի հոդվածը և հուսահատություն ապրեցի, որ չեմ սովորել այդպիսի դպրոցում, ապա՝ ուրախություն, որ մեր երեխաները կարող են սովորել այդպիսի դպրոցում: Շնորհակալություն ընկեր Մարիետին հոդվածի ընտրության համար: Այն շատ ընդգրկուն է և բովանդակալից: Համամիտ եմ հեղինակի այն դիտարկման հետ, որ պետք է կարևորել անհատի ճիշտ ձևավորումը, որ դպրոցի մեծագույն առաքելությունը պիտի լինի մարդ ձևավորելը, անհատ, ով կկարողանա իր տեղը գտնել հասարակության մեջ և լինել այդ հասարակության լիիրավ անդամը, ով կունենա սեփական կարծիք և այն ազատ և անկաշկանդ արտահայտելու հնարավորություն։ Դպրոցը պետք է կյանքին պատրաստի: Ուսուցիչը պետք է հասկանա, որ գործ ունի փխրուն անհատների հետ, որոնց ճակատագիրը իրենց է վստահված: Պետք է լինել հմուտ և զգույշ նրանց չվնասելու համար, պետք է լինել ստեղծագործ նրանց չհոգնեցնելու համար, լինել լավատես նրանց էլ ավելի ուժեղ դարձնելու համար․․․ Չէ որ նրանց համար հենց ուսուցիչն է ամենավառ կենդանի օրինակը։ Մենք պիտի ձգտենք նրան, որ սովորելու պրոցեսը լինի ցանկալի, ոգեշնչող և ոչ սթրեսային, որ մեր հիմնական նպատակը լինի բարեկիրթ, ինքնաճանաչ, ինքնաուղղորդվող, սովորելու հմտություններին տիրապետող, մտածող, առողջ քաղաքացի պատրաստելը: Եվ ես լիահույս եմ, որ ժամանակակից դպրոցի ճգնաժամը հաղթահարելի է, և հիմա լավագույն ժամանակն է այս գործում ճիգ գործադրելու:

Թողնել մեկնաբանություն